ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է կրթության բնագավառում կառավարության բարեփոխումներին՝ տեղեկացնելով որ ակադեմիական քաղաքի գաղափարը գործնական փուլում է։
Նախարարի խոսքով. «Այո՛, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո՛, քննարկվում են տարբերակներ եղած բուհերը ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում։ Ես դրական եմ նայում գաղափարին»։
Ըստ Դումանյանի՝ ցանկացած ծախս, ինչ միտված է կրթության որակի բարձրացմանը՝ արդարացված է։ Նրա խոսքով, գաղափարի հիմքն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, ինչը հնարավոր է իրագործել Աշտարակ քաղաքում։
Ինչ վերաբերում է ԵՊՀ շենքի հետագա ճակատագրին, նախարարը նշեց. «Վստահ եղեք, Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք։ Դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ կորպուս կլինի... այլ քննարկում չի եղել, դա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է եղել։ Նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել երբևէ»։