Հասարակություն

Ինչու՞ մանկատան շրջանավարտները չեն կարողանում սեփականաշնորհել բնակարանները

Ինչու՞ մանկատան շրջանավարտները չեն կարողանում սեփականաշնորհել բնակարանները

ՀՀ կառավարությունը 2020 թվականին որոշում կայացրեց, համաձայն որի՝ մանկատան շրջանավարտները, որոնք պետությունից անհատույց օգտագործմամբ բնակարան են ստացել, կարող են սեփականության իրավունք ձեռք բերել։

Գավառի մանկատան նախկին շրջանավարտ Մերի Չարվադարյանը Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց, որ 2007 թվականին Չարբախ թաղամասում բնակարան է ստացել, որտեղ բնակվում է իր երկու երեխաների հետ։ 2020 թ. սոցապ նախարարությունից  նամակով տեղեկացրել են, որ պետք է պետության կողմից ստացած բնակարանը սեփականաշնորհեն։ 

«Դիմում եմ գրել և ստացել պատասխան, որ արդեն իրավունք ունենք բնակարանը սեփականաշնորհելու, ապա սպասել եմ, որ նախարարությունից կանչեն»,- պատմում է Մերին։ Ասում է՝ հետևողականորեն զանգահարել է նախարարություն, հետամուտ եղել, որ որպեսզի գործը գլուխ բերի, բայց ամեն անգամ սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է «պիտի սպասեք, դեռ ձեր հերթը չի հասել, դեռ գործընթացը չի սկսվել» պատասխանները։ Մերի Չարվադարյանն ասում է, որ ինքը միակը չէ, որ բախվել է այս խնդրին։

«Վերջին մեկ ամսվա մեջ՝ օգոստոսից, պարզվել է, որ արդեն սկսվել է սեփականաշնորհման գործընթացը։ Նորից սկսեցինք կապ հաստատել, ճշտել, թե մեր հերթը երբ է հասնելու։ Տվյալ անձը՝ Վահագնը, ով Երևանի թիվ 1 տուն ինտերնատի տնօրենն է, և ում լիազորել են զբաղվել այդ հարցով, մեզ ասեց, որ ձեր հերթը դեռ չի հասել, ինձ էլ մի զանգեք, ես ինքս ձեզ կզանգեմ»։ 

Չարվադարյանի խոսքով՝ իրենք սպասել են, հետո կրկին գնացել նախարարություն, նորից դիմում գրել, հետո էլ պարզվել է, որ այդ գործով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ 

Նրա համար անհասկանալի է հարուցված քրեական գործը. «Ստացվում է՝ քրեական գործ է հարուցվել, և մենք չենք ընդգրկվել սեփականության իրավունք ստանալու ցուցակում։ Մեր իրավունքները խախտվել են։ Մինչև օգոստոսի 31-ը կարող էինք սեփականության իրավունք ստանալ, բայց կորցրեցինք այդ հնարավորությունը»։

Նրա խոսքով՝ նախարարությունից ասել են, որ երկարացվելու է ծրագիրը։

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ քննչական կոմիտե։


Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական