Քաղաքական

«Առաջարկել էի բանակի կառուցվածքն ամբողջովին փոխել»․ Սամվել Բաբայան

«Առաջարկել էի բանակի կառուցվածքն ամբողջովին փոխել»․ Սամվել Բաբայան

«Առաջարկել էի բանակի կառուցվածքն ամբողջովին փոխել, անցնել պրոֆեսիոնալ բանակի․ մեկ տարի ծառայություն, որն անցներ ուսումնական կենտրոններում, որից հետո կամ պրոֆեսիոնալ բանակ են գնում, կամ մոբռեսուրս»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Պատերազմի դեպքում այդ մարդիկ գումար են վճարել, թե ոչ՝ մասնակցելու են պատերազմին։ Այսինքն՝ 5 տարուց հետո տարին մեկ անգամ մեկ շաբաթով գալիս է տվյալ ուսումնական կենտրոն, անցնում է իր մարտական պատրաստականությունը։ Սա եղել է իմ առաջարկը։ Հիմա, ինչո՞ւ է հենց այս գումարային թիվը․ մեկ զինվորը, մեկ պրոֆեսիոնալ զինվորականը պետք է ստանա 1500 դոլար, բազմապատկած 13 ամսի, 5500 էլ իր ծախսերն են՝ հագուստ, սնունդ և այլն։ Եթե չես ուզում ծառայել, վճարում ես այդ գումարը 4 ամիս պատրաստություն անցնելուց հետո»,- նշել է Բաբայանը։

Ինչ վերաբերվում է սոցիալական անհավասարությանը, Բաբայանը նշել է, որ նման մարդիկ միշտ էլ զինկոմների, ծանոթների միջոցով գումարը վճարել, ազատվել են։

«Հիմա պետությունն ասում է՝ վճարիր, ազատվիր։ Բայց տվյալ մարդը հինգ տարի հետո տարին մեկ անգամ պետք է գնա հավաքների, պատերազմի դեպքում էլ՝ առաջին գիծ։ Հիմա թող մտածի՝ ազատվի՞, թե՞ ոչ։  Հիմա անցնու՞մ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե՞ փող ենք աշխատում, արդյոք սա հատվածային մոտեցում է։ Պետք է համակարգային մոտենալ։ Եթե գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, սա ճիշտ քայլ է»,- ասել է ռազմական գործիչը՝ հավելելով, որ այսօր բանակում ռեֆորմ չի տեսնում։

Խոսելով Բերձորի միջանցքի մասին՝ Բաբայանը նշել է, որ դեռ 7-8 ամիս առաջ նամակով դիմել է ՀՀ վարչապետին, Արցախի նախագահին, որ կառուցվող ճանապարհը լինի երկրորդ կարգի, կարճ լինի։

«Այդ մոտ 5 կմ-անոց հատվածում կառուցեին մի քանի խելացի գյուղ, տեղահանվածներին բերեին, բնակեցնեին։ Ես դա քարտեզով առաջարկել եմ»,- ընդգծել է Բաբայանը։

Ինչ վերաբերվում է Արցախի ներքաղաքական կյանքին, Բաբայանը կարծում է, որ սահմանադրություն պետք է փոխեն ու գնան ընտրությունների։

«Թող գնան ընտրությունների, ժողովուրդն ում ընտրի, թող նա էլ ղեկավարի։ Հակառակ դեպքում՝ մնացածը ձևական է։ Կարճ ասած՝ քաոս է։ Միջանցքի առումով ես կառաջարկեի, որ մեր կողմը բանակցեր՝ միջազգային փորձը հաշվի առնելով, ինչպես օրինակ՝ ՌԴ-ն Լատվիայի միջոցով հասնում  է Կալինինգրադ»,- ասել է Բաբայանը։




Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական