Հասարակություն

Երկրի պաշտպանությունը մնում է անվճարունակների ուսերին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է պետբյուջե 24 միլիոն դրամ վճարելու դեպքում վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Նախագիծը վերաբերվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին։ Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ պարտադիր զինծառայության մեկնող անձը միջինը չորսուկես ամիս ծառայելուց և ուսումնական փուլը (կարանտին) լրանալուց հետո կզորացրվի։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ օրինագիծը անհավասարություն կառաջացնի քաղաքացիների մեջ. «Փաստորեն, ով վճարունակ է, բանակում չի ծառայելու, իսկ ով վճարունակ չէ, ծառայելու է։ Եվ մեր երկրի պաշտպանությունը մնում է անվճարունակների ուսերին»։

Ըստ Հարությունյանի՝ անհասկանալի է, թե ինչու են այսպիսի նախագիծ ներկայացրել հանրային քննարկման. «Գուցե պետք է օրենքի նախագիծը ստեղծողներին լսենք, թե ինչ հիմնավորումներով են բերել այն։ Դատապարտելի է և ընդունելի չէ»։

Վարդան Հարությունյանը կանխատեսումներ չունի, թե օրենքը, ի վերջո, կընդունվի՞, թե՞ ոչ։ Կարծում է, որ ամեն ինչ կախված է հասարակության արձագանքից։

Նշենք, որ, ըստ հիմնավորումների, այս նախաձեռնությունը բխում է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրի՝ աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերից։

Օրինագիծը հանրային քննարկման է ներկայացվել, և դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային ժողովում։

Հայկ Մագոյան