«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Մեր հարցմանը՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, և եթե ոչ, ապա ո՞վ է կրելու պատասխանատվություն, ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են. «2022թ. օգոստոսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ ՔՕ-ի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 358-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն»։
ՀՀ Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ քրեական վարույթով նախաքննական մարմնի կողմից ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, քննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում ասվում է նաև, որ «քննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա»։
Հիշեցնենք՝ 2022թ. օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվել է 16 անձ, անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի։