Հավանաբար ևս մեկ օր էլ ԱԻՆ-ի փրկարարները կշարունակեն որոնողական աշխատանքները և եզրակացություն կլինի՝ գտնվեց որոնվող քաղաքացին, թե ոչ. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։
Նրա խոսքով. «Հավանաբար այդպես կլինի, քանի որ մենք որոնման տարածք այլևս չունենք»։ Ըստ Եմիշյանի՝ պայթյունի ժամանակ եղել է բարձր ջերմային ֆոն՝ 500-1000 աստիճան։ Իսկ մոխրացած շերտի բարձրությունը, ըստ նրա, հասել է մեկ մետրի։
Հիշեցնենք՝ այսօր նույնականացվել է անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը. մահացածը Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, ըստ ԱԻՆ խոսնակի՝ բոլորը նույնականացված են։