Երեկ այցելել էի «Սուրմալու», որպեսզի իմ աչքերով տեսնեմ այդ ողբերգության մասշտաբները և հասկանամ, թե ինչն է եղել սկզբնապատճառը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հենց այդ վայրում հայտարարեց քաղաքապետի թեկնածու լինելու մասին։
«Շփվել եմ ԱԻՆ աշխատակիցների հետ, բովանդակային զրույց ենք ունեցել լրագրողների հետ՝ հրավառությունների, հրդեհային կանոնների և շատ այլ հարցերի շուրջ։ Քաղաքական հայտարարություն, որպես այդպիսին, չի եղել։ Պարզապես, եթե լրագրողը նույն հարցը, որը ճշմարտություն է, 3 անգամ կրկնում է՝ «Դուք քաղաքապետի թեկնածո՞ւ եք», ես պատասխանել եմ դրական։ Ինձ մեղադրում են քարոզչություն սկսելու մեջ, բայց ես պատասխանել եմ լրագրողի հարցին»,- ասաց Ավինյանը։
Անդրադառնալով օրենքին, որը վերաբերում է հրավառությունների արգելքին և որն Ազգային ժողովը կքննարկի սեպտեմբերին՝ Ավինյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է պետական և համայնքային տոներին լիցենզավորված ընկերություններին թույլ տալ այն իրականացնել։
«Այստեղ առաջ է գալիս երկրորդ կարևորագույն թեման, որը ոչ միայն հրավառություններին է վերաբերվում, այլ հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը։ Կարևոր է հասկանալ, թե նմանատիպ վայրերում, որտեղ պահպանվում են մեծ ծավալով հրավառ նյութեր, արդյոք պահպանվում են անվտանգության կանոնները»,- ասաց Ավինյանը։
Կրկին անդրադառնալով քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ հարցին, Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե որևէ բան չփոխվի, հերթական ընտրությունները կլինեն 2023 թվականի աշնանը։
«Ինչո՞ւ ես, այդպես է որոշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։ Ենթադրում եմ՝ հաշվի առնելով իմ աշխատանքը, իմ փորձը և այն արդյունքները, որոնք ունեցել եմ այն 3 տարիների ընթացքում, երբ փոխվարչապետ էի։ Թեև իմ աշխատանքը միշտ չէ, որ հանրային է եղել, ես ինձ համարում եմ արդյունքի մարդ»,- ասաց Ավինյանը։
Նա շեշտեց՝ աշխատել է կառավարությունում, աշխատակազմն օպերատիվ, արագ աշխատող, տրամաբանական մարմին է։
«Առնչվել եմ տարբեր նախարարությունների աշխատակազմերի հետ, նաև՝ քաղաքապետարանի։ Այստեղ կառանձնացնեմ երկու խնդիր․ առաջինը համակարգային է, այն կայանում է նրանում, որ բոլոր որոշումները հիմնականում ոչ թափանցիկ և սուբյեկտիվ դաշտում են գտնվում։ Երկրորդ խնդիրը զուտ կադրային է»,- ասաց Ավինյանը։
Հարցին, թե ընդդիմությունը մեղադրում է Ձեր քաղաքական ուժին Արցախը և Հայաստանի շահերը թուրքերին հանձնելու մեջ, Ավինյանը պատասխանեց․ «Եղել են որոշակի պրոցեսներ, եղել է պատերազմ՝ մեզ համար ոչ բարենպաստ ավարտով և որոշակի իրողություններ կան, որոնց հետ պետք է հաշվի նստել, և այդ հանգամանքը չի սահմանափակում տնտեսապես զարգանալու և բանակը զարգացնելու մեր խնդիրը։ Երկարաժամկետ խաղաղության համար պետք է ունենանք կայացած համակարգ, բանակ, որը մեր անվտանգության միակ երաշխավորն է»։
Ավինյանը շեշտեց՝ այս շրջանը բանակցությունների շրջան է, և հավատում է, որ խաղաղության կարելի է հասնել։ Նրա խոսքով՝ դա բավականին խորդուբորդ, դժվարին ճանապարհ է, սակայն իրողությունները ճիշտ գնահատելով՝ կարելի է առաջ շարժվել։
«Ես չեմ ասում, թե մենք շատ լավն ենք, չեմ ասում, թե անսխալական ենք, բայց, այնուամենայնիվ, այն քննարկումները, որոնք հիմա առկա են ընդդիմության և իշխանության դաշտում, դրանք որևէ որակական փոփոխության չեն բերելու ո՛չ մեր հասարակությանը, ո՛չ մեր երկիրը, քանզի այնտեղ բովանդակություն, որպես այդպիսին, չկա»,- ասաց Ավինյանը։
Ավինյանն ընդգծեց՝ վստահ է, ժողովուրդը միշտ ճիշտ գնահատական է տալիս այս կամ այն ուժի դիրքորոշմանը և աջակցում կամ չի աջակցում այս կամ այն ուժին, և այդ գնահատականը միշտ արդար է լինում։ Նա նշեց, որ կեղծ օրակարգերով փորձել քաղաքական պրոցեսներ սկսել, երբեք չի ստացվելու, քանի որ անազնվությունն օդում կախված է, և ժողովուրդը դա զգում է։