Հասարակություն

Այս տարի կեղծ ահազանգերը էականորեն ավելացել են

Այս տարի կեղծ ահազանգերը էականորեն ավելացել են

Վերջին շրջանում պայթուցիկ սարքերի տեղադրման կեղծ ահազանգերը բավականին շատացել են՝ խաթարելով ինչպես հանրության, այնպես էլ պատասխանատու գերատեսչությունների բնականոն օրվա ընթացքը։ Radar Armenia-ն ներկայացնում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 16-ը ստացված կեղծ ահազանգերը։

Եվ այսպես՝ հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված, բայց տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Հաջորդ ահազանգը մարտի 9-ին էր։ Ժամը 10:06-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեում գտնվող Տ. Շևչենկոյի անվան դպրոցի անձնակազմին և աշակերտներին: Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Մարտի 17-ին էլ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարհանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Արդյունքում՝ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Հաջորդ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն եղավ մարտի 22-ին, թե իբր Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել:

Ապրիլի 8-ին՝ ժամը 14։13-ին, տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 500 քաղաքացու: Բայց տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս դեպքից րոպեներ անց՝ ժամը 14։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ևս մեկ ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս անգամ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 2000 քաղաքացու: Տեղազննման արդյունքում կրկին պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Երրորդ ահազանգը կառավարման կենտրոն ստացվել էր ժամը 15։32-ին, թե իբր Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 5000 քաղաքացու, իսկ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Հաջորդ այսօրինակ ահազանգը եղել էր ապրիլի 21-ին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված: Փրկարարներն իրականացրել են ինքնաթիռի և ուղեբեռների զննման աշխատանքներ, բայց վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Մի այսպիսի ահազանգ էլ մայիսի 18-ին էր ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:Սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում, բայց կրկին վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Հունիսի 8-ին էլ կրկին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Իսկ հուլիսի 4-ին տեղեկություն էր ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Բայց ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, քանի որ տարածքում ռումբ չի հայտնաբերվել։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաջորդ կեղծ ահազանգը եղել է հուլիսի 17-ին, թե իբր Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է տեղադրված, բայց տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ 

Երեք օր անց՝ հուլիսի 20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կրկին ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։ ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել էին որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Գարեգին Նժդեհ», «Գործարանային», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում և պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել։ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարաններում ևս որոնողական աշխատանքներն ավարտվել էին, բայց պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել։ Այնուհետև Երևանի մետրոպոլիտենը վերսկսել էր իր բնականոն աշխատանքը։

Օգոստոսի 2-ի երեկոյան էլ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։ Զվարթնոց միջազգային օդանավակայան էր մեկնել նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։ Իրականացված տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։ Եվ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել էր իր բնականոն աշխատանքը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկությունը ստացվել էր օգոստոսի 14-ին` ժամը 16։46-ին, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են բնակչության տարհանման աշխատանքներ։ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել, որից հետո մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել էր։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ օգոստոսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ժամը 14։55-ի դրությամբ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են, ոչինչ չի հայտնաբերվել։ 15։00-ի դրությամբ մետրոպոլիտենը վերականգնում է բնականոն աշխատանքը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղազննման աշխատանքների արդյունքում նույնպես պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Նշենք՝ Radar Armenia-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն, որպեսզի պարզի՝ արդյոք կեղծ ահազանգերի հետ կապված կան բացահայտված և պատասխանատվության ենթարկված անձինք։ 

Հիշեցննեք՝ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ԱԻՆ-ը գործառույթ չունի պարզելու, թե ով է ահազանգողը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական