Հասարակություն

«2021-ի օրենսդրական նախաձեռնությունը պարունակում էր բոլոր հարցերի պատասխանները»․ Տիգրան Ավինյան

«2021-ի օրենսդրական նախաձեռնությունը պարունակում էր բոլոր հարցերի պատասխանները»․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրերս անդրադառնալով «Սուրմալուի» դեպքերին՝ նշել էր, որ դեռևս 2020թ. քննարկել էին հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունն ստացել էր կառավարության համաձայնությունը և ուղարկվել էր Ազգային ժողով։ Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։ Շանթ հեռուստաընկերության եթերում Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու մինչ այժմ նախաձեռնությունն ընթացք չի ստացել։ 

ՀՀ նախկին փոխվարչապետն առաջարկեց դեպքը տարանջատել օրենսդրական նախաձեռնությունից։ Նա նշեց, որ, իհարկե, այս ողբերգությունն առիթ հանդիսացավ նախաձեռնությանը վերադառնալուն, սակայն դեպքը կապել հրավառության խնդիրների հետ՝ սխալ կլինի։ 

«Այստեղ շատ ավելի խորքային, հրդեհային անվտանգության և այլ տեսակի հարցեր կան, որոնց պետք է անդրադարձ կատարվի և, կարծում եմ, հարուցված քրեական գործը որոշ պատասխաններ մեզ կտա։ Իսկ ինչ վերաբերում է հրավառությունների մասին օրենքին, որը 2021 թվականին ընդունվել էր կառավարության կողմից, այն ենթադրում էր՝ անհատական և մասնավոր միջոցառումներին հրավառությունները, որպես այդպիսին, չլինեին։ Քաղաքակիրթ աշխարհում ընդունված պրակտիկա է, հրավառություններ լինում են միայն պետական տոներին, համայնքային միջոցառումներին, համընդհանուր տոներին։ Նախագծում այդ հիմքն է դրված եղել»,- ասաց Ավինյանը։ 

Ավինյանը նշեց, որ երկու կոմպոնենտ կա․ առաջին հերթին՝ դա ժամանակին անդորրի խնդիրն է եղել, սակայն այժմ ականատես ենք լինում նմանատիպ նյութերի պահպանման հետ կապված մեծաթիվ հարցերին։

«Եթե մի տեղ դրված է 4 տոննա հրավառական նյութ, դա արդեն որոշակի վտանգներ է ենթադրում։ Առավել ևս, եթե դրանք դրված են հասարակական վայրերում, կրկնակի, եռակի անգամ պետք է զգուշավոր լինել, պահպանել բոլոր կանոնները։ Բայց սա խնդրի մի կողմն է։ Ընդհանուր առմամբ, հրավառության նյութերի արգելքին վերաբերող օրենքը կարգավորում էր դաշտն այնպես, որ հրավառություններ լինեն միայն պետական և համայնքային միջոցառումներին։ Դա էր ամբողջ տրամաբանությունը»,-ասաց Ավինյանը։

Նա շեշտեց, որ նախաձեռնության համահեղինակ Սիսակ Գաբրիելյանի հետ խոսել է հարցի շուրջ, և վերջինիս նախաձեռնությամբ հարցը կքննարկվի։ Ավինյանի խոսքով՝ ոլորտում կա գործարարների մեծ դաշտ, որոնք տոներին, միջոցառումներին կազմակերպում են հրավառություններ, և նրանց ևս պետք է լսել։ 

«Այստեղ փոխզիջման տեղ չեմ տեսնում․ սա բոլոր առումներով խնդրահարույց պրակտիկա է, հասկանում եմ, որ մեր մշակույթի մեջ մտած է, բայց եթե մենք մեր կյանքում ուզում ենք ինչ-որ բան փոխել, իսկ մենք դրա կարիքը շատ ունենք, հենց նմանատիպ հարցերին էլ պիտի անդրադառնանք»,- ասաց Ավինյանը։ 

Նա շեշտեց, իրականում՝ 2021-ի օրենսդրական նախաձեռնությունը պարունակում էր բոլոր հարցերի պատասխանները, ենթադրում էր ընկերությունների լիցենզավորում, հիմնական խնդիրների պատասխաններն արդեն իսկ ներդրված էին նախաձեռնության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական