Հասարակություն

«Մայրաքաղաքում շատ են հրավտանգ նյութերով պահեստները, օրինակ՝ «Փեթակը»․ ԱԻՆ խոսնակ

Ցավոք, դեռ նորություն չունենք, չենք գտել կորած քաղաքացուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Առավոտվանից բուն պայթյունի վայրում վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Այդ հատվածում աշխատում են այն փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, որոնք մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու, նաև մասնագիտական որոշ հմտություններ ունեն։ Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև քաղաքացին հայտնաբերվի»,- ասաց Կոսնտանյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքացուն գտնելուն պես նոր միայն մասնագիտական կազմակերպության կողմից՝ մասնավորի միջնորդությամբ, կսկսվեն շենքի փլուզման աշխատանքները։ 

Կոստանյանն անդրադարձավ նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի օրն ԱԻՆ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայից կատարված գողությանը։ 

«Պայթյունի օրը նախարարի հետ դեպքի վայր են ժամանել իր տեղակալները և խորհրդականները։ Նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը մեքենան կանգնեցրել է պայթյունի հարակից տարածքում և ԱԻՆ մնացած աշխատակիցների հետ եղել է դեպքի վայրում։ Դեպքից մի քանի ժամ անց մոտենալով մեքենային՝ տեսել է, որ ապակին կոտրված է, պայուսակը չկա, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակը։ Այս դեպը միակը է։ Հաջորդ օրը, կամավորներից մեկը, որը ներգրավված է եղել որոնողական  աշխատանքներին, գիշերը տուն գնալուց նկատել է, որ իր մեքենային ապակին կոտրված է, և որոշ իրեր չկան»,- նշեց նա։ 

Հարցին, թե արդյոք մայրաքաղաքում կան հրավտանգ իրերի նմանատիպ պահեստներ, Կոստանյանը նշեց․ 

«Շատ են այդպիսի պահեստները։ Մեկ օրինակ՝ Ձեր հետևում «Փեթակի» պահեստներն են։ Վտանգն այստեղ ավելի մեծ է, քանի որ մեքենաների շարժի համար նախատեսված տարածքն ԱԻՆ-ի համար կարող է բարդություններ առաջացնել։ Մենք մեր մասով կարող ենք միայն համապատասխան գրություններ ուղարկել, սակայն սա տեսչական մարմնի գործառույթն է»։ 

Անդրադառնալով ռումբերի մասին կեղծ ահազանգերին, ԱԻՆ խոսնակը նշեց, որ տարվա ընթացքում ունեցել են 27 կեղծ ահազանգի դեպք, որոնց գերակշիռ մասն ստացել են էլեկտրոնային նամակի տեսքով։ 

«Դրանց մեծ մասը քաղաքապետարանից են ուղարկել մեզ, վերջին երկու դեպքում ուղարկել են ԱԻՆ քարտուղարությանը։ Իրավապահ մարմիններն այդ մասով իրականացնում են աշխատանքներ»,- նշեց Կոստանյանը։ 

Սպասվո՞ւմ են արդյոք հրաժարականներ ԱԻՆ-ում հարցին Կոստանյանը պատասխանեց․ «Ոչ, քանի որ, ըստ իս, մենք լավ ենք աշխատել»։