Հասարակություն

«Ռումբերի ահազանգերի վերաբերյալ մեր արձագանքման մեթոդը պետք է փոխվի»․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պայթյուն կարող էր լինել հրավառությունից, կրակայրիչներից, պայթուցիկ նյութերի պահեստ կարող էր լինել։ Հրդեհային անվտանգության կանոնները և այդ կանոններին հետևելը մի խնդիր է, հրավառությունների հետ կապված խնդիրը՝ մեկ այլ։ Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այո՛, եթե 4 տոննա հրավառության նյութեր այնտեղ դրված չլինեին, գուցե պայթյունը տեղի չունենար, բայց ոչ ոք չի բացառում, որ այնտեղ այլ տեսակի վտանգավոր նյութեր չէին կարող պահվել։ Այսինքն՝ հրեհային անվտանգության խնդիրը, այնուամենայնիվ, առանձնացնենք»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով ռումբերի մասին կեղծ ահազանգերին՝ Ավինյանը նշեց․ «Քանի որ դեպքերի հաճախակիությունը բավականին ինտենսիվ է և նմանատիպ զանգեր ստացվում են որոշակի պարբերականությամբ, կարելի է ենթադրել, որ կա ներդրված համակարգ, որն էլ իրականացնում է զանգերը՝ խաթարելով տարբեր վայրերում աշխատանքները։ Կարծում եմ՝ մեր արձագանքման մեթոդը պետք է փոխվի, խորանանք, հասկանանք, թե ինչ կետերից են գալիս զանգերը։ Սկսենք աշխատել ալդ ուղղությամբ»։

Իսկ թե որտեղից կարող են լինել նամանատիպ զանգերը, Ավինյանը նշեց՝ գաղտնիք չէ, որ ունենք ոչ բարեկամ երկրներ և հավանականություն կա, որ զանգերը կարող են լինել հենց այդ ուղղություններից, սակայն սա ընդամենը ենթադրություն է։ 

Կրկին անդրադառնալով «Սուրմալուի» ողբերգական դեպքին՝ Ավինյանը հույս հայտնեց, որ համապատասխան մարմինները կսկսեն գործել անվտանգության պահպանման խստացման ուղղությամբ։ 

«Վստահ չեմ, որ կարգավորումների դաշտում շատ մեծ բաց լինի․ միգուցե վարչարարության խնդիր կա, միգուցե վարչարարության ռեսուրսի պակաս կա։ Պետք է խնդիրը հասկանալ, կարգավորել, քանի որ այս հարցերը կապված են մարդկային կյանքերի հետ»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով Երևան քաղաքի հետ կապված ծրագրերին՝ Ավինյանը շեշտեց, որ քաղաքի ընդհանուր պլանավորման խնդիր ունենք, պետք է լինի ռազմավարություն, թե ինչպես պետք է լինի քաղաքի զարգացումը տարբեր հատվածներում։ Քաղաքը պետք է մաքսիմալ կանոնակարգի և թափանցիկ դարձնի այդ պրոցեսը։ Առաջնային խնդիրների թվում Տիգրան Ավինյանը շեշտեց կանաչապատ տարածքների ավելացումը, որի պակասից բխում են մի շարք այլ խնդիրներ։