«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի բռնկումից և պայթյունից հետո՝ 49 ժամվա ընթացքում, մեկուսացվել է կրակը, իսկ 4 ժամ անց՝ 53 ժամ հետո, հրդեհը մարվել է, ժամանակ առ ժամանակ իրականացվել են հովացման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում փլատակներից դուրս է բերվել 26 քաղաքացի, որոնցից 16-ը, ցավոք, մահացած, հաջողվել է փրկել 10 մարդու կյանք։
«Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայամանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրյալ եղել է պայթյունը։ Այդ հատվածում ունենք է՛լ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես դրանք կվերսկսեն»,- ասաց Կոստանյանը։
ԱԻՆ խոսնակը նշեց, որ 16 զոհերից մեկի ինքնությունն առայժմ պարզված չէ։ Նրա ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, 5 օրվա ընթացքում պատասխանը հայտնի կդառնա։
«Այս պահի ընթացքում ամբողջ տարածքը մաքրված է, հիմնական ուժերն առավոտվանից կենտրոնացնելու ենք պայթյունի հատվածում։ Կսահմանվի հերթապահություն, հրշեջ-մեքենաները տեղում են, ինչպես տեսնում եք»,- ասաց Կոստանյանը։
Նա կրկին հիշեցրեց, որ որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է թվով 935 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչի ներկայացուցիչներից՝ 201 անձ, «ՈՄԱ» կազմակերպությունից՝ 132 կամավոր։