Անհետ կորածների ցանկում ունենք փոփոխություն, այժմ որոնվում է 2 քաղաքացի, ինչպես նաև ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը պարզված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նախարարի խոսքով՝ ՌԴ քաղաքացու վերաբերյալ հարազատները կապ են հաստատել և ասել, որ բոլորովին այլ պատճառներով նա վիրահատվել է և հիվանդանոցում է։
«Եթե ինքնությունը չպարզված անձի դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինեն և նույնականացվի անհետ կորածի հետ, փաստացի կունենանք մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը։
Նա նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են շենքի հետնամասում և կիսակառույց շենքի հատվածում։
«Ներկա պահին շենքի ներսում հրավտանգ նյութեր չկան։ Մարումն արդեն կա, անգամ քամուց օրվա ընթացքում հրդեհի նշույլ չի եղել։ Ներսի հատվածի 50-60 տոկոսի մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Հայտնի է, որ պայթյունից առաջ շենքում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել»,- ասաց ԱԻ նախարարը։
Փամբուխչյանը կրկին հիշեցրեց՝ քանի դեռ կան անհետ կորած մարդիկ, ծանր տեխնիկա չեն կարող կիրառել։ Նա հավելեց, որ աշխատանքները կարճ կտևեն, եթե վերջին անհետ կորած անձը գտնվի և բարդություններ չառաջանան՝ ի դեմս փլուզման։