Հասարակություն

Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան, ուր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Գործարանի հիմնման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից և 2022 թվականի օգոստոսի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում: Բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանի կառուցման նպատակով սեփականատերը ներդրել է 2,7 միլիոն դոլար: Ամբողջությամբ ավարտվել է շենքի կառուցումը, գործարանի շահագործման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը, այժմ փորձարկման փուլն է ընթանում: Մոտակա օրերին գործարանը կշահագործվի, կստեղծվի 30 աշխատատեղ:

Գործարանը տարեկան կունենա 25 միլիոն շիշ թողունակություն, արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ: Գործարանի սեփականատերը հոգացել է նաև գործարանի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի խնդիրը՝ 150 կիլովատտ ժամ հզորության արևային պանելներ տեղադրելով շենքի տանիքին: Ընկերության կողմից շշալցվող ջուրը կրում է «Ջան» անվանումը:

«Շատ կարևոր ու պահանջված ներդրումային ծրագիր է իրականացվել Վարդենիկում: Ես լիահույս եմ, որ մեր հաջորդ այցելության ժամանակ արդեն այստեղ կտեսնենք աշխատանքային եռուզեռ, պահեստներում կուտակված արտադրանք: Նման ծրագիրը և՛ ողջունելի է, և՛ խրախուսելի»,- ասել է մարզպետը: