Հասարակություն

«Վստահաբար կարող ենք ասել, փլատակներից դուրս բերված քաղաքացի չի եղել»․ ԱԻ նախարար

Ներկա պահին չենք հաստատում տեղեկատվությունը, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի փլատակներից քաղաքացիներ են դուրս բերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։  

«Մեր կամավորական խմբերից որոշ փրկարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներ ձայներ էին լսել։ Հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա՝ տեսախցիկներ, որպեսզի տեղազննում իրականացնենք։ Քիչ առաջ կրկին հայտարարվեց լռության րոպե։ Ցավոք սրտի, ներկա պահին այդ լուրը չենք կարող հաստատել, բայց աշխատանքներ տարվում են։ Վստահաբար կարող ենք ասել, փլատակներից դուրս բերված մարդ չի եղել»,- նշեց նախարարը։ 

Նրա խոսքով՝ իրենց փոխանցել են, որ լսվել են ձայներ, և յուրաքանչյուր նման արձագանքի դեպքում գնում են այդ վայրը և այնտեղ շարունակում աշխատանքները։

«Աղմուկ է տարածվել, քանի որ շտապօգնության մեքենան է արագ մոտեցել։ Դրանք նախապատրաստական աշխատանքներ են, քանի որ հաշվի առնելով, որ եթե ենթադրյալ քաղաքացին մեկ օրից ավել է գտնվում նման պայմաններում, րոպեներն ու վայրկյանները կարող են որոշիչ լինել։ Ուստի նման ազդակ ստանալու դեպքում բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, բայց, կրկնում եմ, ցավոք սրտի, չենք կարող հաստատել այդ լուրը։ Մենք չունենք նման տեղեկատվություն, թե ովքեր կարող են լինել տվյալ հատվածում։ Ներկա պահին մենք որոնում ենք 22 քաղաքացու»,- ասաց նա։ 

Նախարարի խոսքով՝ մաքրվել է տարածքի մոտ 30 տոկոսը, աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը։ Քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և հերթափոխ։