«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
«Քիչ առաջ հայտնաբերվեց 7-րզ զոհը, անձի ինքնությունը պարզվում է»,- ասաց ԱԻ փոխնախարարը։
Նրա խոսքով՝ հրդեհաշիջման նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն կրակի տարածումն անմիջապես կանխվում է։
«Քննարկվում է սյուների վնասազերծման աշխատանքը, սակայն որոշակի բարդություններ կամ․ մասնագիտական քննարկում է հիմա իրականացվում, որպեսզի դրանց վնասազերծումից հետո ավելի շատ վնաս չպատճառենք։ Առաջիկա 1 ժամվա ընթացքում կունենանք որոշում, թե ինչպես պետք է վարվենք դեռևս կանգուն մնացած շինության նկատմամբ։ Փլուզման վտանգ դեռևս կա»,- ասաց Գրիգորյանը։
Խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարի կատարված ստուգումներից՝ Գաբրիելյանը նշեց՝ տեղյակ է խախտումների մասին, տրվել են կարգադրագրեր, սակայն այլ տեղեկություններ չունի։
«Կարող եմ ասել, որ կարգադրագրի ժամկետները ճկուն են ՝ կախված խախտումների բնույթից, ծավալից և նաև այն հանգամանքից, թե տվյալ տնտեսվարող սուբյեկտն ինչքան ողջամիտ ժամկետ կարող է խնդրել խախտումները վերացնելու ուղղությամբ»,- նշեց նա։
ԱԻ փոխնախարարը նշեց, որ իրենք առավել կենտրոնացած են որոնողափրկարարական աշխատանքների վրա։
«Թե որքան կտևեն այդ աշխատանքները, դժվար է ասել, կարող եմ հավաստիացնել՝ մենք ընտրել ենք «Ոչ մի վայրկյան դադար» սկզբունքը, և 24-ժամյա ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որքան շուտ կարողանանք փլատակներից ձերբազատվել, զուգահեռաբար ծանր տեխնիկա կարող է մուտք գործել՝ տարածքի մաքրման աշխատանքներին արագություն հաղորդելու համար»,- նշեց նա։