Հավանականությունը քիչ է, որ մենք «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում փլատակներից կարող ենք հայտնաբերել ողջ քաղաքացիների, բայց հուսանք, որ դա, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արտուշ ԳԳրիգորյանը։ Նա կրկին անդրադարձավ ձայներին, որոնք լսել էին քաղաքացիները։
«Շինության նկուղային հատվածում էին իրականացվում փրկարարական աշխատանքներ, ենթադրում էինք, որ նկուղում կարող են լինել կորած քաղաքացիներ։ Այդ ժամանակահատվածում շատ քաղաքացիներ էին հավաքված, որոնց մի մասը կամավորներ էին, մի մասը, հնարավոր է, հարազատներն էին։ Տեղեկություն հաղորդվեց, որ ձայներ են լսվում և, բնականաբար, արձագանքվեց։ Բոլորը փորձեցին արձագանքել, էմոցիոնալ ֆոնի վրա խժդժություններ առաջացան։ Կարող եմ ասել, որ տվյալ վայրում, որտեղից հայտնել են ձայների մասին, մինչ այս պահը փրկարարական-որոնողական աշխատանքներ են իրականացվում, սակայն մինչ այս պահը արդյունք չունենք։
Ցավոք սրտի, հավանականությունը քիչ է, որ փլատակներից կարող ենք հայտնաբերել ողջ քաղաքացիների, բայց հուսանք, որ դա, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Հղի կնոջ և երեխայի հետ գտնվելու հետ կապված որևէ տեղեկություն չունենք։ Վերջին տվյալներով՝ 23 անհետ կորած քաղաքացու տվյալներ ունենք»,- ասաց ԱԻ փոխնախարարը։
Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքներին, առաջին հերթին, խոչընդոտում է այրված շինության առկայությունը, որովհետև 4 կողմից, երբեմն նաև 6 կողմից իրականացվում է փրկարարական աշխատանքներ, որովհետև շինության ներսում ևս կարող են լինել կորած քաղաքացիներ, բայց քանի որ ցանկացած պահի այն կարող է փլուզվել, հետևաբար որոշակի բարդություններ է առաջացնում։ Դրան զուգահեռ, ամբողջ տարածքը լեփ-լեցուն է փլատակներով, երկաթբետոնե կոնստրուկցիաներով, տեղաշարժվելը բարդ է, անհրաժեշտություն ունենք ծանր տեխնիկա աշխատացնելու համար, սակայն փլատակների մեջ կարող են մարդիկ լինել։