Ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցել են հրշեջ-փրկարարական 350 աշխատակից։ Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը պարզաբանելով, թե ինչու հրդեհից շուրջ 20 ժամ անց դեռ վերջնականապես այն չի հաջողվել մարել և փլատակներից դուրս բերել բոլոր քաղաքացիներին։
«Սա արտակարգ իրավիճակ է՝ ոչ ստանդարտ հրդեհ, որովհետև գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որոնք վերջին հարկը, մինչև վերջին փլատակի տակ չարվեն հրդեհաշիջման ամբողջական աշխատանքներ չենք կարող խոսել հրդեհի մարման մասին»,- ասաց Դավիթ Համբարյանը նշելով, որ տվյալ իրավիճակում հրդեհի նոր օջախների առաջացման վտանգ կա։
«Անգամ առավոտյան դեռ ճայթյուններ կային։ Այսինքն հրավառ նյութերը ճայթյուններ ունենում են, հետևաբար, այդ բարդությամբ պայմանավորված, մենք չենք կարող ստանդարտ կամ տեսանելի նյութերի պարագայում խոսենք նույնի մասին»,-պարզաբանեց ԱԻ նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ առավոտյան տեղի է ունեցել հերթափոխ և այս պահին որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են 150 անձինք, և կան հատվածներ, որտեղ միայն ձեռքի աշխատանքով է հնարավոր գործել՝ պայմանավորված փլատակներում մարդկանց առկայությամբ։
ԱԻ նախարարի տեղակալը վստահեցնում է՝ մարդկային ուժի, տեխնիկայի պակաս չի եղել և հիմա էլ չկա, և անգամ կամավորների ներգրավման անհրաժեշտություն այս պահին չկա։
Համբարյանն ասում է, որ ցավոք, գիշերվա ընթացքում և առավոտյան ողջ մարդկանց դուրս բերել հնարավոր չի եղել։
«Շինության փլուզման վտանգը հիմա էլ առկա է, և զգուշավորությունը նաև դրանով է պայմանավորված և ժամանակի ընթացքում մեծ է հավանակությունը, որ այդ վտանգը կավելանա։ Տարածքը սահմանափակված է ոստիկանության անձնակզմի կողմից և քաղաքացիական անձանց մուտքը արգելված է»։ Դավիթ Համբարյանը նշեց, որ պետք է տարվեն աշխատանքներ՝ փլուզման հետ կապված հարցերը կարգավորելու համար։
Հիշեցնենք՝ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ, իսկ 6 մարդ զոհվել է պայթյունի հետևանքով։