Հասարակություն

Ներկայացվել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր կարգի մշակման շուրջ նախարարության մոտեցումները

ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում։ Այդ մասին ասված է  նախարարության Ֆեյսբուքի էջում: «Ազգային պարկում նախարարի տեղակալը, պարկի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հանդիպում-քննարկում են անցկացրել ձկնորսությամբ և ձկան արտահանմամբ զբաղվող քաղաքացիների և անհատ ձեռներեցների հետ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր կարգի մշակման շուրջ նախարարության մոտեցումները և տեսլականը։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ փաստել է, որ խնդրի կարգավորման հարցում մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ՝ ներդրվող ծրագիրն առաջարկվող լուծումներով պետք է նպաստի լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը, ինչպես նաև գործնական և իրավական հարթություններում ձկնորսների համար ստեղծի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կբացառվի սիգի գերորսը և ապօրինի որսը։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի և կառուցողական քննարկումների մթնոլորտում, հնչել են մի շարք առաջարկներ, որոնք հետագայում կքննարկվեն նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։

«Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել, պետք է նման հանդիպում-քննարկումները շարունակական լինեն, պետք է մանրամասն վերլուծել նախորդ ծրագրերի բոլոր արդյունքներն ու վեր հանել սխալները»,- նշել է նախարարի տեղակալը։
 
Ազգային պարկում քննարկումից հետո նախարարի տեղակալն այց է կատարել հանրային N1 լողափ՝ տեղում ծանոթանալու նախորդիվ բարձրաձայնված խնդիրներին տրված լուծումներին։ Արամ Մեյմարյանը շրջել է հանրային լողափի տարածքում, հետաքրքրվել բարձրաձայնված խնդիրներով, դիտարկել է մատուցվող ծառայությունների որակը, այդ թվում` հանդերձարանների ու հանրային սանհանգույցների վիճակը և աղբահանության կազմակերպումը։
 
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել լողափի տարածքում բժշկական և փրկարարական ծառայություններ մատուցող գործընկերներին և զրուցել իրենց հանգիստը լճի ափին կազմակերպող քաղաքացիների հետ: Նախարարի տեղակալը հատկապես հորդորել է մաքուր պահել լողափը և աղբը թողնել միայն դրա համար նախատեսված վայրում։
 
Շրջայցի ավարտին Արամ Մեյմարյանը հանրային լողափի վիճակը դրական է գնահատել և հանձնարարել պատասխանատուներին մշտական ուշադրության կենտրոնում պահել տարածքում հանգստի կազմակերպման պայմանները և մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է գրառման մեջ։