Այս պահին Ադրբեջանում պահվում են 118 գերիներ, որից 38-ը հաստատված են, իսկ 80-ի գերեվարումը Ադրբեջանը հերքում է։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գերիների հարցով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը՝ նշելով, որ գերիներից 3-ը քաղաքացիական անձինք են, թեև Ադրբեջանը նրանց ևս ներկայացնում է ռազմագերի։
Սիրանույշ Սահակյանի խոսքով՝ գերիներից մեկն էլ Վիգեն Էուլջեքչյանն է, որին ներկայացնում են զինծառայող, նույնիսկ՝ ահաբեկիչ, բայց, ըստ իրավապաշտպանի, իրականությունն այլ է. նա քաղաքացիական անձ էր, ով իրերը վերցնելու նպատակով մուտք էր գործել նախկին բնակավայր։
«Գերիների վերադարձի առնչությամբ շարունակական աշխատանքներ են ընթանում թե՛ իրավական, թե՛ քաղաքական հարթություններում։ Իրավական գործընթացները բնականոն հունի մեջ են՝ այստեղ շեղումներ ու արատավոր երևույթներ չենք նկատել»,- ասում է Սահակյանը և ընդգծում, որ քաղաքական հարթությունում հարցը փոքր-ինչ բարդ է։
Սիրանույշ Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում դիրքավորվելու համար խոշոր տերությունների միջև մրցակցություն կա, և այս պարագայում նրանցից որևէ մեկը իր հնարավորություններն ու լծակները կոշտ ձևով չի գործադրում՝ ի շահ հայ ռազմագերիների։
«Նրանք այստեղ շահեր ունեն, և քանի դեռ դրանք վերջնականորեն սպասարկված չեն, և նրանք չեն դարձել տարածաշրջանում գերակա դիրք ունեցող տերություն, մարդասիրական խնդիրներին լուծում չեն տա։ Փոխարենը՝ կխոսեն մեղմ դիվանագիտական լեզվով, ինչը որևէ ազդեցություն չի թողնում Ադրբեջանի իշխանությունների վրա»,- նկատում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։
Սահակյանը գտնում է, որ խնդրի լուծման համար ավելի կոշտ վերաբերմունք է անհրաժեշտ, ինչպիսին կարող է լինել, օրինակ, պետության կամ առանձին պաշտոնատար անձանց, պետության հետ սերտաճող բիզնեսների նկատմամբ տնտեսական և քաղաքական պատժամիջոցների կիրառումը։
«Եթե հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում բեկումնային զարգացումներ չլինեն, մոտ ապագայում գերիների վերադարձ չեմ կանխատեսում»,- նկատում է Սիրանույշ Սահակյանը՝ շեշտելով, որ անգամ եթե լինի, կլինի հաստատված գերիների ցանկից։
80 չհաստատված գերիների մասով դրական արդյունքի հասնելու առնչությամբ իրավապաշտպանը նշում է, որ անհրաժեշտ է ճնշումներ և դիվանագիտական աշխատանք կատարել ու հասնել նրանց ճանաչմանը, որից հետո կարող է խոսք լինել վերադարձի մասին։
«Մենք դրական կանխատեսում ունենք հաստատված գերիների մասով, բայց՝ ոչ մոտ ապագայում, իսկ 80-ի ճակատագրերը հստակեցնելու առումով դեռևս պետք է հսկայածավալ աշխատանքներ տարվեն, և կարծում եմ՝ այս խնդիրը լուծել կլինի միջազգային ակտիվ ներգրավվածության արդյունքում»,- եզրափակելով զրույցը՝ ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների հարցով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։
Հայկ Մագոյան