Հասարակություն

Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել հրշեջ-փրկարարներ ու Իրանի քաղաքացիներ

Oգոստոսի 7-ին Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 բազմաբնակարանային շենքում առաջացած հրդեհի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից վարույթ է նախաձեռնվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով ժամը 13:10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը նշված շենքից  «այրման արգասիքների թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 39-ամյա  Ռեզա Թ.-ին, 37-ամյա  Արին Ղ.-ին և 35-ամյա Շիրին Ա.-ին:

Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից  հայտնել են նաև, որ շտապօգնության թիվ 11 խումբն իրենց մոտ է տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Ժիրայր Գ.-ին  և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Սամվել Դ.-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ են, ովքեր մասնակցելիս են եղել  հրդեհաշիջման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտկան հաշվարկ պայքարում էին Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան փողոցի  42/ 2 բարձրահարկ շենքի, ըստ նախնական տեղեկությունների՝  վերելակի հորանում առաջացած խոշոր հրդեհի դեմ: