Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացրած պարեկները կրակոցների ձայն են լսել, ինչից անմիջապես հետո մեծ արագությամբ նրանց կողքով ընթացել է «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա: Ենթադրելով, որ կրակոցները հնչել են հենց այդ մեքենայից, պարեկները շարժվել են «Տոյոտայի» հետևից:
Առինջ գյուղի սկզբնամասում նրանք նկատել են մեքենան, որի շուրջը հավաքված էին 20-25 հոգի: Պարեկները մոտեցել և պահանջել են հայտնել մեքենայի վարորդի տվյալները, սակայն երիտասարդները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ, ձեռքերով ու ոտքերով խփել նրանց, նույնիսկ թույլ չեն տվել նստել ծառայողական ավտոմեքենան, նաև վնասել են մեքենան:
Րոպեներ անց օգնության է հասել պարեկային նոր կարգախումբ, և երիտասարդներից երկուսը` 28 ու 32 տարեկան, Առինջ գյուղի բնակիչներ, ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանություն: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և հրազենի ապօրինի շրջանառությունը:
Աճառյան փողոցում հայտնաբերվել են պարկուճներ և այլն։ Առինջ գյուղում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։ Ոստիկանությունը հորդորում է ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը. յուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան քրեաիրավական գնահատական։