2022թ-ի մարտի 15-ից ուժի մեջ մտավ Հանրային սննդի փակ և բաց տարածքներում ծխելն արգելող օրենքը։ Radar Armenia-ն ՀՀ ոստիկանություն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե օրենքի կիրառումից հետո քանի խախտում է արձանագրվել փակ տարածքում ծխելու, քանի արձանագրում՝ բացում ծխելու համար, և որքան գումար է կազմել տուգանքի չափը։
Ի պատասխան Radar Armenia-ի գրության՝ ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության և ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2022թ-ի մարտի 15-ից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173.2-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է` վարչական իրավախախտումների վերաբերյալ 1687 արձանագրություն, (Երևան՝ 438, Արագածոտն՝ 61, Արարատ՝ 75, Արմավիր՝ 72, Գեղարքունիք՝ 47, Լոռի՝ 133, Կոտայք՝ 255, Շիրակ՝ 199, Սյունիք՝ 57, Վայոց ձոր՝ 68, Տավուշ՝ 137), իսկ 45-ը Պարեկային ծառայության կողմից (Պարեկային ծառայության մասով արձանագրված վայրի վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում):
2022 թվականի մարտի 15-ից մինչ օրս «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173.2 հոդվածի հատկանիշով` (Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը) ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում հաշվառված է վարչական պատասխանատվության ենթարկված 1115 անձ, այդ թվում՝ Երևան քաղաքում՝ 176, հանրապետության մարզերում՝ 939. տուգանքը կազմել է 55,75 մլն ՀՀ դրամ։
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173.2 հոդվածում առանձին մասով կամ կետով տարանջատված չեն փակ և բաց տարածքում ծխելը։
Հայկ Մագոյան