Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, որսորդական հասարակական կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիների աշխատանքների համակարգող գրասենյակի ներկայացուցիչներ։
Օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։
Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։
Հանդիպման արդյունքում որոշվել է ևս մեկ քննարկում կազմակերպել Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը օրենսդիրի կողմից նախաձեռնած օրենքի նախագծի հետ համահունչ դարձնելու և առկա անհամապատասխանությունները շտկելու նպատակով։