Հասարակություն

Գազաբալոնների լիցենզավորման կարգը կխախտեն

Օգոստոսի 1-ից ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ եթե գազալցակայանները խախտեն օրենքն ու լիցքավորեն մեքենաները, ապա կտուգանվեն, առաջին անգամ՝ 200 հազար դրամով։

Վարորդներն անընդհատ բողոքում են այս օրերի՝ անվերջանալի թվացող հերթերից։ Ու, չնայած այդ հանգամանքին, ՏԿԵ նախարարությունը չի պատրաստվում հետաձգել սահմանված ժամկետը, քանի որ կարծում են՝ չկա երաշխիք, որ հերթական հետաձգումից հետո վարորդները հաջորդ անգամ նորից գործը չեն թողնի վերջին օրվան։

Radar Armenia-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հ/կ  համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասաց՝ տեղյակ է, որ փորձաքննություն ենթարկող կազմակերպությունների քանակը քիչ է, անգամ կան մարզեր, որտեղ 1-2 հատ են, հետևաբար, համապատասխան գերատեսչությունը, հիմնվելով կոնկրետ հաշվարկների հիման վրա, պետք է վերանայի ժամկետները. «Կարծում եմ՝ եթե կլինեն շահագրգիռ մարդիկ և հիմնավորում կներկայացնեն, որ ֆիզիկապես հնարավոր չէ հասցնել, գուցե որոշ ժամանակ վարչական պատասխանատվություն չներկայացվի գազալցակայաններին»,- ասաց Ղահրամանյանը՝ հավելելով. «Հայաստանում ցանկացած ոլորտի վերահսկողություն շատ ցածր մակարդակի է, հետևաբար, վարորդները կարող են շատ հանգիստ հետագայում էլ լիցքավորել, որովհետև այդ նույն լցակայանները, շատ դեպքերում, ըստ լուրերի, բազմաթիվ թերություններով են լիցքավորում իրականացնում և որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Այնպես որ, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին սահմանված կարգն է լինելու, որը կխախտվի»։

Դիտարկմանը, թե, փաստորեն, իր կարծիքով՝ լիցքավորող կայանները թեկուզ կտուգանվեն, բայց կշարունակեն լիցքավորել, Ղահրամանյանը դրական պատասխան տվեց. «Նույնպիսի տուգանք կա ՀԴՄ չտպելու, բարձր ճնշման համար, և երբևէ չեմ հանդիպել տեղեկության, գոնե՝ մեդիայում, որ տուգանվել են»,- ասաց մեր զրուցակիցը։