Հասարակություն

Ավանցիները դեմ են պղնձաձուլարանի կառուցմանը

Ավանի բնակիչները դեմ են Աճառյան 2 փակուղիում պղնձաձուլարանի կառուցմանը։

Այսօր թաղապետարանում կրկին հանրային լսումներ են կազմակերպվել, և բնակիչները դեմ են արտահայտվել՝ մտահոգություն հայտնելով, որ պղնձաձուլարանի արտանետումները սպառնում են վարչական շրջանի և շրջակա տարածքների էկոլոգիային և բնակչության առողջությանը։

2021 թ. սեպտեմբերին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից՝ գնահատման հաշվետվությունում չեն ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

Հենվելով վերոնշյալ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ի այս եզրակացության վրա` Երևանի քաղաքապետարանը ևս բացասական եզրակացություն էր տվել: Նույն թվականի դեկտեմբեր ամսին «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին հայտ էր ներկայացրել Ավանում ձուլարան կառուցելու համար: