Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով, կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թվականների համար: Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:
Ըստ փոխնախարարի. «Ներկայում հետպատերազմյան իրադրությունը և Քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, և դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը»:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, թե նախագիծը բավականին ծավալուն է ու շատ կարևորագույն կետեր կան, որոնց անդրադառնալու համար կառավարության նիստը չի բավարարի. «Առաջիկայում նախագիծն ուղարկելու ենք Ազգային ժողով ու հնարավորություն ենք ունենալու շարունակել քննարկումները», - ասաց նա: