Կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարությանը հատկացվել է 851 մլն դրամ: Ըստ նախագծի գումարը նախատեսված է բուժհաստությունների կառուցման, վերակառուցման համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Վաղարշապատի և Աշտարակի բժշկական կենտրոնները, Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը։ Իսկ Տաշիրի ու Նաիրիի բժշկական կենտրոնների համար կառուցվելու են նոր մասնաշենքեր։ Ըստ նախարարի՝ բոլոր բժշկական կենտրոնները հագեցվելու են բուժսարքավորումներով ու գույքով. «Քանի որ մեր նպատակն է ապահովել հասանելի և որակյալ բժշկական օգնություն մարզերի համաչափ զարգացման սկզբունքի շրջանակներում»։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ կապիտալ ծախսերի ուղղվածության փոփոխություն է լինելու և իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքային պայմանները բարելավելուն։