Հասարակություն

Ծրագրավորումը, իրավաբանությունն ու բժշկությունը խժռում են մարդկային տաղանդը

Վերջերս ամփոփվեցին 2022-23թթ. ուսումնական տարվա բուհական ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները։ Բուհերում թափուր տեղերը 15,000-ից ավելի են, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդներ չունեն։

ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ամփոփելով միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները, հայտարարել էր, թե որոշ պետական բուհերում ընդունելությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Օրինակ` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով Հայաստանի ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 38 հոգի։ Մանկավարժական համալսարանը ևս սակավաթիվ դիմորդներ ունի: Անմխիթար է պատկերը նաև մարզային բուհերում։

«Շատ վտանգավոր միտում է. մեր տնտեսությունը բավականին անճոռնի տնտեսություն է դառնում, այսինքն մի քանի ոլորտներ՝ ծրագրավորում, իրավաբանություն, բժշկություն խժռում են մարդկային տաղանդը։ Մի շարք այլ ոլորտներ, որոնք երկրի համար նույնքան կարևոր են և բարձր պրոֆեսիոնալիզմ են պահանջում, մնում են, այսպես ասած, ոչ միայն ցածր մակարդակում, այլ ընդհանրապես առանց մասնագետի»,-Radar Аrmenia-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե նախկինում կարող էինք բողոքել, որ մասնագետների որակը վատն է, հիմա թևակոխում ենք ավելի վտանգավոր փուլ՝ չենք ունենալու մասնագետներ։

«Օրինակ, ինժեներների, ուսուցիչների, անասնաբույժների, գյուղատնտեսների, գիտնականների ոլորտներն ամայանում է։ Իհարկե, պետք է պետությունը միջամտի, չի կարելի այս հարցը թողնել շուկայական տրամաբանությանը։ Պարզ է, մարդիկ գնալու են այն ոլորտներ, որտեղ եկամուտը շատ է, ուրեմն պետությունը պետք է իր կարգավորիչ դերը տանի և փորձի այնպես անել, որպեսզի ոլորտներում խթաններ լինեն»,- ասում է Խաչատրյանը։

Ըստ մեր զրուցակցի` կան մասնագիտություններ որոնք պետությանը պետք են, սակայն այսօր միայն ոստիկանության ոլորտում են բարեփոխումներ արվում, աշխատավարձեր բարձրանում։ «Այսինքն՝ պետությանը քննիչներ ու դատախազներ պետք են, բայց ուսուցիչներն ու գյուղատնտեսները պետք չե՞ն»,- հարց է բարձրացնում կրթության փորձագետը։