Օգոստոսի 1-ից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ եթե գազալցակայանները խախտեն օրենքն ու լիցքավորեն մեքենաները, ապա կտուգանվեն, առաջին անգամ` 200 հազար դրամով։
Սահմանված ժամկետին մնացել է ընդամենը 5 օր, սակայն գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կայաններում հերթերը շատ են, և իրատեսական չէ բոլոր հերթագրված մեքենաներին մինչ այդ սպասարկելը։
Radar Armenia-ի հետ զրույցում, սակայն, ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ ժամկետների երկարաձգման հարց նախարարությունում չի քննարկվում. «Դրա համար պետք չէր վերջին օրը որոշել լիցենզավորում իրականացնել։ Այդ գործընթացը սկսվել է նախորդ տարվանից, ժամկետը մեկ անգամ երկարացվել է փետրվար ամսին, բոլորը հուլիսի վերջին օրերին որոշել են, որ պետք է գնան և գազաբալոնների լիցենզավորում իրականացնեն։ Այս պահի դրությամբ չի քննարկվում վերջնաժամկետը երկարացնելու հարց, որովհետև արդեն մեկ անգամ երկարացվել է և ոչ մի երաշխիք չկա, որ դրանից հետո վարորդները նորից չեն սպասելու մինչև հաջորդ ժամկետի վերջին օրը և կրկին բողոոքեն, որ ժամկետը կարճ է և իրենք չեն հասցնում»։
Մեր դիտարկմանը, թե կան գազաբալոններ, որոնք գործարանային արտադրության են և փորձարկելուց հետո հնարավոր չի լինում այն նորից տեղադրել՝ վարորդների համար առաջացնելով նոր ծախսեր, Հարությունյանն ասաց՝ նախարարությունում տեղյակ են խնդրին, հենց այսօր էլ քննարկում է եղել այդ հարցի հետ կապված և անպայման պարզաբանում կտրվի։