Հասարակություն

Արագիլները կրկին աղտոտվում են, խնդիրը՝ թափոններն են

Արարատի և Արմավիրի մարզերում այս տարվի ևս արդիական է արագիլների աղտոտության հարցը։ Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ ուշադրության կենտրոնում, ինչպես նաև՝ այս հարցով ամենօրյա աշխատանք են իրականացնում «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամը», «Bird Links Հայաստան» հ/կ-ն, համայնքապետարանները, բնակիչները։

Radar Armenia-ի հետ զրույցում ՇՄ նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանն ասաց, որ այս տարի կեղտոտված արագիլների թիվը կիսով չափ քիչ է, ինչը նշանակում է՝ պայքարի ճիշտ ուղու վրա են։

Ըստ նրա, սակայն, խնդիրը դեռ լիարժեք լուծված չէ. «Սպիտակ արագիլի ամենամյա մոնիթորինգը կատարում ենք 2016 թվականից և ներգրավել ենք տեղի շուրջ 1000 ընտանիք, որոնք ինֆորմացիա են տրամադրում։ Հենց նրանցից էլ 2019թ. ահազանգ ստացանք, որ արագիլները յուղոտված են և չեն կարողանում թռչել։ Այդ տարվանից սկսած՝ մեր գործողությունները գնում են երկու ուղղությամբ. մի ուղղությունը՝ բացահայտել նյութը և աղտոտման աղբյուրը, երկրորդը՝ փրկել թռչուններին։ Մենք սկզբից մտածեցինք՝ նավթամթերք է, բայց փորձն ու լաբորատոր արդյունքները ցույց տվեցին, որ պարենային յուղ է։ 2019թ. հայտնաբերեցինք թառափ արտադրող ձկնաբուծարան, որը թառափի մասսայական սպանդի ժամանակ ներքին օրգանները լցնում էր մոտակա ջրանցքը, ինչը ճահճանում էր, ու դա արագիլի համար կեր էր հանդիսանում, որովհետև արագիլների վարքագծում լեշակերությունը կա։ Արագիլները մտնում էին ճահճի մեջ, ձկան յուղը պատում էր փետուրները, որի հետևանքով փետուրը կորցնում էր իր ֆունկցիոնալ նշանակությունը, չէր ապահովում թռիչքը և ջերմամեկուսացումը։ Այս տարվա մեր պայքարը բավականին հաջող էր, 22 թռչուն մաքրեցինք, 2 թռչուն անկեց, ինչը շատ լավ ցուցանիշ է՝ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի հետ համեմատած, որտեղ անկումը կազմում է 60-70%»,- ասում է Աղաբաբյանը՝ հիշեցնելով, որ դրանից հետո հաջորդ տարի ևս խնդիրը կրկնվել է, ապա պարզ է դարձել, որ Մասիսի աղբավայրում թափոնները պատշաճ ձևով չէին ուտիլիզացվում, կրկին դառնում էր ճահիճ, արագիլները սնվում ու կեղտոտվում էին։ Վարչական վարույթ է հարուցվել նաև աղբավայրի հետ կապված։

Մեր զրուցակցի խոսքով՝ 2021թ. լաբորատոր նմուշների արդյունքները ցույց են տվել, որ, բացի ձկան յուղից, գործ ունենք նաև ձեթի հետ։ Սրանից հետևում էր, որ պահածո արտադրողներն իրենց թափոնները լցնում են Արարատյան դաշտի տարբեր վայրերը, արագիլները հավաքում են իրենց կտուցի մեջ, ձագին կերակրելու համար յուղային այդ մասան հետ են տալիս բնի մեջ՝ ձագի վրա, այդ յուղն էլ պատում է ձագի փետուրները՝ թույլ չտալով նրանց թռչել։

«2021 թվականին մենք ունեցանք անհամեմատ շատ չթռչող, կեղտոտված ձագեր, քան՝ հասուն առանձնյակ։ Անցյալ տարի հենց այդ պատճառով ունեցանք մեծ քանակով ձագերի անկում։ Տեսչական մարմինը կատարում էր բոլոր այն արտադրամասերի ստուգումները, որոնք իրենց արտադրանքում կարող էին ունենալ յուղային թափոն։ Պարտադրում ենք այդ արտադրամասերին՝ իրենց թափոնների ծավալի և դրանք պատշաճորեն ոչնչացնելու վերաբերյալ ունենալ բնապահպանական հաշվետվություն։ Հնարավորություն ունեցանք ստուգել նաև նրանց պայմանագրերն աղբավայրի հետ։ Անցյալ տարի մենք արեցինք նման արտադրամասերի ինվենտարիզացիա, տեսչական մարմինը հայտնաբերեց, որ գործ ունենք 300-ից ավել արտադրամասի հետ, մոտ կեսը կարողացանք ստուգել անցյալ տարվա ընթացքում, հիմա այդ ստուգումները շարունակվում են»։