Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը։
Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:
Վարդավառը նշվել է նաև նախքան քրիստոնեության ընդունումը, ասել է, թե այն հեթանոսական ակունքներ ունի։ Վարդավառը նվիրված է եղել Աստղիկ դիցուհուն, որն ամենասիրվածն է հայոց մեջ: Վարդավառ բառը բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Վարդավառը արարչական սիրո տոն է, որ հովանավորվում էր Աստղիկ դիցուհու կողմից: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը, որով ցողելով` Աստղիկ դիցուհին սեր է պարգևում մարդկանց:
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին:
Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:
Վարդավառից առաջ նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Վարդավառին մի երեխայի հասակի չափ փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգով, խնձորով ու վարդերով: Փայտը հաճախ թևավոր էր լինում: Այս զարդարած փայտը կանաչի հետ միասին կոչվում էր «Խնդում»:
Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա: Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով: