ՀՀ կառավարությունը պարեկային ծառայության ստորաբաժանումների համար 175 ավտոտրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով հատկացրեց 3 մլրդ 107 մլն դրամ:
Պարեկային ծառայություններ կստեղծվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։ Նախատեսված է գնել Toyota Fortuner մակնիշի մեքենաներ՝ ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից։
Ըստ որոշման հիմնավորման՝ դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների և միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել նշված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Նախատեսվում է մեքենաները մատակարարել մինչև նոյեմբերի 15-ը։