Հասարակություն

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ ԱԱԾ նախագծին

ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ Ազգային անվտանգության ծառայության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է ավելի խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հայտարարեց. «Այս փոփոխությունները հայրենադարձության վրա չեն ազդի, քանի որ, եթե վերջին 2 տարում 60 օր չեն եղել Հայաստանում, կարող են անցկացնել այդ օրերն այստեղ ու նոր դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Այլ հարց է, որ Հայաստան-սփյուռք փոփոխությունների մասով սա դրական փոփոխություն չէ, ու այդ պատճառով մեր գերատեսչությունը կողմ չէ։ Մենք հայտնել ենք մեր դիրքորոշման մասին»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հանդես է եկել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ազգությամբ հայ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր պայման սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր բնակվելու պահանջը: