Հասարակություն

Ավանեսյանը չի բացառել հակահամաճարակային նոր սահմանափակումները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության աճ է արձանագրվել։

Ըստ Ավանեսյանի, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ. «Եվրոպական երկրներում ալիքը բավական զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ նաև վարակի որոշակի ներթափանցում է լինելու»։

Նախարարը վստահեցրել է, որ իրենք զգոն հետևում են և առողջապահական համակարգը պատրաստ է նոր ալիքին. «Առաջիկա երկու շաբաթներին կհասկանանք՝ արդյո՞ք այս ալիքն ունի ավելի տարածվելու միտում, թե գնում ենք մի փոքր կայունացման»։

Անդրադառնալով հնարավոր սահմանափակումներին, Ավանեսյանը նշել է՝ եթե համաճարակային իրավիճակն այնքան սրվի, որ նոր սահմանափակումների կարիք լինի, ապա իրենք որոշում կկայացնեն. «Այս պահին նման իրավիճակ չունենք»։

Նախարարը նաև կոչ է արել ստանալ նաև բուսթեր պատվաստում։