Երևանի մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգ է եղել։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Վերջինիս խոսքով՝ Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, ըստ որի մետրոյի բոլոր կայարաններն ականապատված են։
Կոստանյանի խոսքով. «Այս պահին Մետրոպոլիտենի բոլոր մուտքերը փակ են, քաղաքացիները տարհանված են»։
Քիչ առաջ այս կապակցությամբ ԱԻՆ-ը նաև պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»: