ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտարարել է, թե Հայաստանում ամռան ամիսներին բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը դարձել են սովորական: Ըստ նրա՝ եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:
Սուրենյանն այսօր ասուլիսում նշել է. «Վերջին տասնամյակում բարձր ջերմային ֆոնը, շոգերը հանրապետության համար դարձել են սովորական: Գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես ինտենսիվ շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում, Երևանում պահպանվել է 10-15 օր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000 ական թվականները 40 աստիճան Երևանում և Արարատյան դաշտում դիտվում էր միջինը 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականների ընթացքում գրեթե կրկնվել է ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո ջերմային ալիքների տևողությունը միջինը պահպանվում է 5-7 օր»: