Հասարակություն

Քրեական պատիժ` երեխա ունենալուն հարկադրելու համար

Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը պատիժ է սահմանում ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելու համար։ 

Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։

- Ո՞րն է «հարկադրել» բառի մեկնաբանությունն այս օրենքի տրամաբանության մեջ։ 

- Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով։ Նշված դրսևորումները նախատեսվել են իբրև տվյալ հանցագործության կատարման եղանակներ։ Սակայն, ի թիվս նշված եղանակների, օրենսդիրն առանձնացրել է նաև «հարկադրանքի այլ եղանակ» արտահայտությունը, որն, ըստ էության, ընդլայնում է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը և իր մեջ ներառում դիսպոզիցիայում տեղ չգտած ցանկացած այլ եղանակ, որն իր մեջ հարկադրանք է պարունակում։  

- Արդյո՞ք ընտանիքի, մասնավորապես՝ ամուսնու կողմից երեխա ունենալու պահանջը, ցանկությունը կարող է որակվել հարկադրանք։ 

- Իմ համոզմամբ՝ ամուսնու կողմից երեխա ունենալու ցանկությունը որևէ կերպ չի կարող տեղավորվել այս հանցակազմում և առաջացնել պատասխանատվություն։ Ինչ վերաբերում է երեխա ունենալու պահանջին, այն կարող է պատասխանատվության հանգեցնել միայն այն դեպքում, երբ պահանջը զուգորդվում է բռնությամբ, սպառնալիքով, շանտաժով, արժանապատվությունը նվաստացնելով, կամ դիսպոզիցիայում նշված այլ եղանակով, կամ, ասենք, ամուսնալուծվելու սպառնալիքով, որը տվյալ հոդվածի իմաստով կարող է հենց դիտարկվել հարկադրանքի այլ եղանակ։

- Որքա՞ն է այս օրենքը հայկական իրականությանը ադապտացված, մենք հաճախ ենք հանդիպում ստանդարտ արտահայտությունների՝ ե՞րբ ես ամուսնանալու, ե՞րբ ես երեխա ունենալու, ե՞րբ ես երկրորդ կամ երրորդ երեխան ունենալու։

- Այդ արտահայտություններն, իհարկե, չեն կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։ Լիահույս եմ, որ վերջին ժամանակներում մեր հասարակությունը զգալիորեն հեռացել է իր երեխաներին ամուսնություն կամ ամուսնալուծություն պարտադրելուց, սակայն չի կարելի անտեսել նաև առանձին դեպքեր, երբ ընտանիքի անդամները, տարբեր եղանակներով ճնշում գործադրելով կնոջ վրա, կարող են ստիպել վերջինիս՝ ունենալ, օրինակ, արու զավակ, հաշվի առնելով հայ հասարակության «ֆանատիզմն» այդ երևույթի նկատմամբ։

- Արդյո՞ք քաղաքացին կարող է այս հարցումները որակել հարկադրանք։ 

- Այդ հարցումները հարկադրանք համարվել չեն կարող՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք չեն տեղավորվում այդ եզրույթի մեջ։ Հարկադրանքը ենթադրում է առավել ինտենսիվ նեգատիվ միջամտություն, որը կարող է ստիպել անձին՝ ամուսնանալ, ամուսնալուծվել կամ երեխա ունենալ։ Հարկադրանքի այլ եղանակ կարող է լինել, օրինակ, հարսին երեխա ունենալ պարտադրելը՝ ամուսնու մոր կողմից, տնից դուրս հանելու սպառնալիքով։

- Ձեր մասնագիտական փորձում եղե՞լ է դեպք, որ այս օրենքի բացակայությունը զգաք։

- Իմ մասնագիտական փորձի ընթացքում նման դեպքի չեմ հանդիպել, սակայն անհրաժեշտ է նշել, որ երևույթը մեզանում գոյություն ունի, բացի դա, մեզ հետ ապրում են նաև առավել խիստ համակեցության կանոններ ունեցող ազգային փոքրամասնություններ, ում ավանդույթները խիստ տարբերվում են։ Կան փոքրամասնություններ, որոնց ավանդույթների մեջ է մտնում անչափահաս տարիքում երեխաներին ամուսնացնելը։ Չի բացառվում նաև, որ ամուսնությունը պարտադրվի զավակներին օրենքում նշված որևէ եղանակով։ 

Նման հոդվածների ներմուծումն ազգային օրենսդրություն արդյունք են չվավերացված «Ստամբուլյան կոնվենցիայի»։ Քննարկվող 197-րդ հոդվածը բացառություն չէ, այդպիսի հոդվածների շարքին են դասվում նաև «Հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը կամ ամլացումը», «Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը»։

Թեև այս հոդվածները քրեականացվել են, բայց նման հանցագործությունների նախականխման մեխանիզմները, ցավոք, բացակայում են։ Մենք կարողանալու ենք պայքարել միայն հետևանքների դեմ, այն էլ՝ միայն այն դեպքում, երբ կհաջողվի ունենալ հանցագործության մասին հաղորդում։ Գաղտնիք չէ, որ կանայք շատ դեպքերում գերադասում են զոհ գնալ իրավիճակին, քան հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, ինչն էլ ապահովում է նմանատիպ հանցագործությունների բարձր լատենտայնությունը։ 

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ տվյալ հանցագործություններից տուժողներ կարող են հանդիսանալ ինչպես կանայք, այնպես էլ՝ տղամարդիկ։