Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությանը ներկա էին պրոդյուսերի ընկերները, հարազատները, բարեկամները, քաղաքական, հասարակական գործիչներ:
Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15–ին:
Նա ուշագնաց եղավ դատարանի դահլիճում, երբ քննվում էր իր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Բժիշկներին, սակայն, չհաջողվեց փրկել Գրիգորյանի կյանքը։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։