Հասարակություն

Մարտական նռնակով զինված տղամարդը «Ծիրան» սուպերմարկետի մոտ սպառնում է այն պայթեցնել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային բաժանմունքի ծառայողները՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սահմանազատել են տարածքը, այդ ընթացքում էլ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ են սկսվել այդ տղամարդու հետ:

Որոշ ժամանակ անց տղամարդը մարտական նռնակով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն նռնակի օղակը դեռևս վնասազերծված չէ: Այս պահին նրա հետ ոստիկանների բանակցությունները շարունակվում են, իսկ նա պահանջ է ներկայացրել՝ ասելով. «Եթե երեխաներիս չտեսնեմ, նռնակը գործի եմ դնելու»: Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդն ամուսնալուծված է, պահանջում է, որպեսզի նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին: