Հասարակություն

Վանաձորի ԲԿ ընդունված երիտասարդ տղայի կյանքը փրկվել է

Վանաձորի բժշկական կենտրոն ընդունված երիտասարդ տղայի կյանքը փրկվել է: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը:  Տղան կենտրոն է ընդունվել աջ բազկային շրջանում կտրած  խորը վերքով, առատ արյունահոսությամբ, ծանր շոկային վիճակով, հեմոդինամիկ անկայուն ցուցանիշներով: Վնասված են եղել բազկային զարկերակը, միջնակ և ծղիկային նյարդերը, երկգլուխ և եռագլուխ մկաններն ամբողջական ընդհատումով, որը հասնում էր մինչև բազկոսկր:

Առաջին վիրահատության ժամանակ կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական միջամտություն, հայտնաբերվել են բազկային վնասված զարկերակները, կարվել, դադարեցվել է արյունահոսությունն ու ապահովվել է արյան շրջանառությունը ողջ վերին վերջույթում: Ելնելով հիվանդի ծանր վիճակից՝ որոշում է կայացվել մկանի և նյարդերի վերականգնման վիրահատությունը կատարել 2 օր անց:

«Բժիշկների առաջ երկու խնդիր կար, նախ՝ առաջին փուլում փրկել երիտասարդ տղայի կյանքը և վերին վերջույթը, երկրորդ փուլում՝ վերականգնել վերջույթի աշխատունակությունը: Ի վերջո, հնարավոր է եղել վերականգնել վնասված մկանները և նյարդերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել վերին վերջույթի հետագա աշխատանքը և զգացողությունը: Կատարված վիրահատություններին հաջորդելու է կոմպլեքս վերականգնողական պրոցեսը, որից հետո երիտասարդը կկարողանա լիարժեք օգտագործել ձեռքն ու մատներն ամբողջությամբ»: