«FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտարարել է, թե ավիաընկերությունը մտադրություն ունի թռիչքների աշխարհագրությունն ընդլայնել։
Անանյանը վստահեցրել է, որ հայկական ավիաշուկա են եկել երկարաժամկետ գործունեություն ծավալելու համար. «Օրական մինչև 2000 ուղևոր ենք տեղափոխում, այս պահին 3 օդանավ ունենք։ Հուսով եմ` դեպի Թեհրան թռիչքներ կիրականացնենք, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքները կկապենք Երևանի հետ։ Խոսքը, մասնավորապես, Մինվոդի, Եկատիրինբուրգ, Նովոսիբիրսկ քաղաքների մասին է»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնելուն, ապա Անանյանն ասել է, թե դիմել են այդ ուղով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու համար, սակայն այս պահին չունեն թույլտվություն։ Նրա գնահատմամբ` ավիացիոն որևէ պատճառ չկա մերժելու հայկական կողմի դիմումը, ուստի սպասում են արձագանքի։ Անանյանը հավելեց, որ Թուրքիայի օդային ճանապարհով արդեն իսկ դեպի Լիոն և Փարիզ թռիչքներ են իրականացնում։
Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ ընկերության 2` Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Քիշնև-Երևան չվերթերը չեղարկելուն, Անանյանը մանրամասնել է՝ պատճառն այն էր, որ օդանավերից մեկի արագության տվիչի մեկ տվյալը մյուսին չի համատասխանել։ Նրա խոսքով` այժմ այդ խնդիրը լուծված է։