«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ Ռուբինյանի, պատճառները մի քանիսն են։
«Ֆիքսենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորներին Ազգային ժողովում իրենց պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ հանձնաժողովերի աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդ պատճառըմեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքն առ ժողովրդի քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի տրված քվեն և հարգում ենք ժողովրդի քվեով ձևավորված մեծամասնությունը և փոքրամասնությունը։ Կարծում ենք, որ ընդդիմության պահվածքը հենց իրենց քվե տվողների համար պետք է հարցեր առաջացներ, և մյուս ընտրությունների ժամանակ գուցե արտացոլվի»,- ասել է Ռուբինյանը։
Երրորդ պատճառն այն է, որ ժողովրդին պետք է կայունություն։ Իսկ վերջին պատճառը, ըստ ԱԺ փոխնախագահի, այն է, որ ՔՊ-ն չի ուզում ընդդիմությանը փրկօղակ նետել։
«Սահմանադրական դատարանը նրանց փախուստի փրկօղակ կլինի։ Իրենք պետք է գլուխները կախ մտնեն ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ ու չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում։ Մենք էլ պիտի նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզում ենք ասել»,- ասել է Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի՝ եթե ընդդիմությունը, միևնույն է, չգա խորհրդարան, այդ հարցը ՔՊ-ն հետագայում կքննարկի։ «Բայց կյանքը փոփոխական բան է»,- հավելել է Ռուբինյանը։