Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը: Հայաստանյան կողմից ներգրավված էին Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվեց տեսակապով։
Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։
«Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,- ասել է Ղուկասյանը՝ ներկայացնելով 2022 թ. հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019-ից ի վեր։
Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։
«Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,- նշել է Գալիարդին։