Հուլիսի 12-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 50-ամյա մի կին տվել էր հաղորդում, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, մեջը` փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այլն:
Հանցագործության մասին տեղեկացվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ էլ գողությունն արագ բացահայտվել է: Ահազանգից րոպեներ անց Բաղրամյան պողոտայում ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է նշված դրամապանակը` ողջ պարունակությամբ: Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: