Հասարակություն

Գերբեռնված մեքենաները փչացնում են ճանապարհները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ճանապարհների որակին՝ ընդգծելով, որ այդ խնդիրը դեռ չի լուծվել։ 

Ըստ Փաշինյանի՝ «Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Բացի այդ խնդրից՝ մենք ունենք նաև սահմանվածից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակի»։

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի՝ 2 միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամի, 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 5.5 միլիարդ դրամի, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 3.7 միլիարդ դրամի շրջանակում:

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասնեց. «Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են: Հիմա եթե Կառավարությունը նպատակահարմար համարի և դրական որոշում կայացնի այս գումարի հատկացման վերաբերյալ, մենք հնարավորություն կունենանք շատ արագ շինարարական աշխատանքները փաստացի սկսելու»։