ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ջերմաստիճանի բարձրացման հետևանքով հնարավոր անտառային հրդեհներից խուսափելու թեմային։
Նրա խոսքով. «Այստեղ առաջին գործոնը մեր հարգելի և սիրելի քաղաքացիների մոտեցումն է և նրանց որոշակի վարքագիծը բնության գրկում. պետք է խնդրենք հակահրդեհային կանոնները պահպանել: Ապակե տարաներ թողնելը բնության գրկում ամենավտանգավոր բանն է: Մեր հաջորդ խնդիրն այն է, որ ԱԻՆ-ը, նախ, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի, երկրորդ՝ պատրաստ լինի հնարավորինս օպերատիվ արձագանքել դեպքերին»։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի հրդեհաշիջման աշխատանքների կատարման նպատակով ձեռք բերված ուղղաթիռների փորձարկումներն արդեն կատարվել են: Նա ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց համոզվել, որ այդ ուղղաթիռները գործունակ են, և կա պատրաստված անձնակազմ։
Նախարարն էլ մանրամասնեց. «Հրատապ նիստ է հրավիրվել ԱԻՆ-ում, քննարկվել է ներկա վիճակը, և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ մենք կաշխատենք մի փոքր այլ՝ ուժեղացված ռեժիմով:
Ուղղաթիռների հետ կապված՝ մայիսին տեղի է ունեցել վերջին վարժանքը, այն ամբողջությամբ իրականացված է, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսների տեղերը. հստակ, ուղղաթիռին կարող ենք տալ կոորդինատը, թե որտեղից կարելի է ջուր վերցնել:
Մեր բոլոր մարզային վարչության ղեկավարները երեկ և այսօր էլ կլինեն հանգստյան գորտիներում, զրուցելով դրանց սեփականատերերի հետ, նաև այլ անտառային տարածքներում համագործակցելով ՇՄՆ համապատասխան աշխատակիցների հետ, որտեղ կա մարդկային գործոն, քաղաքացու մուտք, այնտեղ քաղաքացիներին կհորդորվի և կպահանջվի պահպանել հակահրդեհային կանոնները»: