Հասարակություն

31.1 մլն դրամ՝ 50 մասունքի ԴՆԹ նույնականացման իրականացման համար

Կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է ՀՀ առողջապահության նախարարությանը 31,125,000 ՀՀ դրամ հատկացնել՝ 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտությունների համար։

Ըստ որոշման հիմնավորումների. «Թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: 

Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար: 

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31,125,000 ՀՀ դրամ»: