Հասարակություն

Վայքի բուժմիավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության կենտրոն

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բուժական միավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության կենտրոնը: Այդ մասին ասված է Վայոց ձորի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովը, Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Վայքի բուժմիավորման տնօրեն Ռոբերտ Ասլանյանը և բուժաշխատողներ:

Ներկաները շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Անհետաձգելի բուժօգնության կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության ֆինանսավորմամբ։ Կահավորումն իրականացվել է «ՎԻՎԱ» բարեգործական միավորում՝ «Բժիշկներ և կամավորներ Հայաստանից» հիմնադրամի կողմից:

Կենտրոնում տեղադրվել են 5 ֆունկցիոնալ մահճակալ, ինչպես նաև ժամանակակից բուժտեխնիկա և սարքավորումներ»,- նշված է գրառման մեջ։