Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպել է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի նախագահ տիկին Ֆամ Լան Դունգի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ դեսպանության և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության խորացման, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հաստատման ու նրանց միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցերը:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ և անդրադարձել են ՀՀ-ՎՍՀ երկկողմ համագործակցության այլ հարցերին։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են և նախնական պայմանավորվածություն ձեռք բերել Վիետնամի դիվանագիտական ակադեմիայում Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի դասախոսությունների կազմակերպման վերաբերյալ։
Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն անդրադարձել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին և դրանից հետո Արցախում ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակին ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերին։ Դեսպան Կաժոյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները։
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի նախագահ տիկին Ֆամ Լան Դունգի միջև հանդիպմանը մասնակցել են ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և դեսպանության քարտուղար Նգույեն Տամը, իսկ վիետնամական կողմից Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ տիկին Մեյ Թհի Հոնգ Տամը և արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ պարոն Նգույեն Թհե Քուանը։